BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Գրական երկն ավելին կարող է անել, քան հարյուր քաղաքական հայտարարությունը

Գրական երկն ավելին կարող է անել, քան հարյուր քաղաքական հայտարարությունը
28.09.2015 | 12:16

«ՄՈՌԱՆԱԼԸ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է, ՆԵՐԵԼԸ` ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ»


Ռումինահայ գրող, քաղաքական գործիչ ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ Հայաստանում է: «Գրական տապան» փառատոնի շրջանակում կազմակերպվեց հանդիպում անվանի գրողի հետ, ներկայացվեց նաև գրողի հանրահայտ «Շշուկների մատյանը» վեպի հայաստանյան երկրորդ հրատարակությունը:
Գրողի բնորոշմամբ` «Շշուկների մատյանը» հայ ժողովրդի էության նկարագրությունն է: Նա վստահ է նաև, որ գրական երկն ավելին կարող է անել, քան հարյուր քաղաքական հայտարարությունը. «Որովհետև քաղաքականությունը վերաբերում է իրականությանը վերացական ձևով: Ցեղասպանության ժամանակ մեկուկես միլիոն մարդ մահացավ, ուրեմն, շատ զրոներ են... Գրականության մեջ մահը զրո չէ: Գրականությունը ցավին, տանջանքին անուն է տալիս, գրականության մեջ ամեն մարդ անուն ունի: Թեև իմ գիրքը հիմնված է իրական փաստերի վրա և ներկայացված են իրական անուններ, սա պատմական գիրք չէ, քանի որ պատմության մեջ հերոսները հաղթողներն են՝ զորավարներ, թագավորներ, գրքի մեջ ներկայացվում են այն մարդիկ, ովքեր սովորաբար չեն երևում, ովքեր տուժում են պատմությունից և տանջվում: Հենց այդ պատճառով էլ գիրքն ավելի զորավոր է, քան ցանկացած բանակ»:

«Շշուկների մատյանում» ներկայացված են երեք այլընտրանքներ` «Մոռանալ, վրեժ լուծել և ներել»: Գրողը մեկնաբանում է. մոռանալը անտեսելն է, չհասկանալը, մոռանալը չի բուժում վերքը, բարակ կեղևով ծածկում է. «Եթե մոռանաս, նորից պիտի կոտորեն: Վրեժն ամենավտանգավորն է. չես կարող վերքդ բուժել ուրիշի վերքը բացելով: Ներելն ամենապատասխանատուն է: Պետք է հասկանա, թե ինչու ես ներում, և պետք է դիմացինն ընդունի իր հանցանքը: Մոռանալը մենախոսություն է, ներելը՝ երկխոսություն»:


Գրողի կարծիքով` աններելին ներելը մարդկության ամենաբարձր մակարդակն է, բայց պետք է վստահ լինես, որ երկրորդ անգամ նույնը չի պատահի:
«Մեզ հարցնում են` ինչո՞ւ 100 տարի անց ուզում եք, որ ցեղասպանությունը ճանաչեն: Որովհետև ցեղասպանությունը չի վերջացել: 1915-ին մեր ժողովուրդը կիսվեց` մեկուկես միլիոն զոհ տալով: Այսօր մենք` վերապրողների ժառանգներս, գրեթե 6 միլիոն ենք: Մեր թիվը հավասար է, ուրեմն նահատակների թիվն էլ 6 միլիոն է: Ասել է թե՝ 50 տարի հետո մենք 12 միլիոն պետք է լինենք, նահատակներն էլ` 12 միլիոն: Երբ ես ծնվեցի ողջերի աշխարհի մեջ, մեռյալների աշխարհում էլ մի մանչ ծնվեց իմ անունով: Մեր մի կեսը այս աշխարհի վրա է, մյուս կեսը՝ այն աշխարհում: Մենք պետք է ամբողջանանք, հանդիպենք մեր կեսին»: Խնդրի լուծումը ցեղասպանության ճանաչումն է միջազգային ատյաններում: Գրողը տալիս է նաև այն հարցի պատասխանը, թե ինչու պետք է գործածվի ցեղասպանություն եզրույթը. «Ջարդի ժամանակ մարդ ես սպանում, ցեասպանություն անելով` քաղաքակրթություն ես վերացնում:
Իր խոսքի վերջում գրողը նշեց, որ «Շշուկների մատյանը» կարդացել են 25 լեզվով մոտ 50 երկրում, աշխարհի գրեթե բոլոր մայր ցամաքներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ